Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Հարցազրույց Վարդան Օսկանյանի, իրականում՝ Սեյրան Օհանյանի հետ

Հարցազրույց Վարդան Օսկանյանի, իրականում՝ Սեյրան Օհանյանի հետ
27.01.2017 | 12:15

Մինչ ՀՀԿ-ն համարյա համաձայնում է ընտրությունների օրը ապրիլի 2-ից ավելի ուշ ժամկետի տեղափոխելուն, քաղաքական դաշտում ամենաակտիվը Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանն են: Հատկապես Սեյրան Օհանյանը, որ հարազատացել է Ֆեյսբուքի հետ: Վարդան Օսկանյանի NEWS.am-ին տված հարցազրույցն էլ կարելի է համարել հեռակա հարցազրույց Սեյրան Օհանյանի հետ, որովհետև նախկին ԱԳ նախարարին ուղղված հարցերի մեծ մասի հասցեատերը նախկին պաշտպանության նախարարն է: ՈՒ քանի որ նա իր գրառումներում, տեսաուղերձներում խոսում է միայն ուրիշների ու ապագայի մասին, լրագրողները ստիպված են չպատասխանվող հարցերը ուղղել եթե ոչ իրեն, իր դաշնակցին:


Չբացառելով «Ժառանգության» միանալը իրենց դաշինքին, Վարդան Օսկանյանը նշել է, որ անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ չի հանդիպել, շատ հարցերում փոխադարձ հասկացողություն կա, բայց «այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն չկա նորից միասին քաղաքական ճանապարհ անցնելու»։ Նա չի բացառել Ծառուկյանի հետ համագործակցությունը՝ կարող է դաշինք լինել, համագործակցություն, ընտրություններից հետո միասին կառավարություն կազմելու պայմանավորվածություն։ Կհարցնեք՝ ի՞նչ երաշխիք, որ հենց իրենց դաշինքն է մեծամասնություն ունենալու, որ կարևորվում է կառավարություն կազմելու պայմանավորվածությունը: Չգիտեմ: Վարդան Օսկանյանը պնդում է, որ հստակ խնդիր են դրել՝ «հասնել իշխանափոխության, լուծել ժողովրդի առջև ծառացած խնդիրը, այս նպատակի համար պատրաստ ենք բոլոր տեսակի ձևաչափերին»։ Մասնավորապես՝ «Ծառուկյանը իր դաշինքով կգնա որոշ տոկոս կհավաքի, մենք մեր դաշինքով կգնանք և որոշ տոկոս կհավաքենք, այսինքն` Սահմանադրությունը հնարավորություն է տալիս երեք կուսակցությունով 50+ ձայն ունենալ և կառավարություն կազմել։ Այնպես որ, կարող է մինչև ընտրությունները միավորում լինել և կարող է ընտրություններից հետո կոալիցիա լինել, կարող է էս տակտիկական նկատառումներից ելնելով` նախօրոք պայմանավորվենք և այս ճանապարհով էլ գնանք»։ Լավ, ասենք, հաղթեցին, միացան, կառավարությունն էլ կազմեցին, ի՞նչ տարբերություն կա ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, որ տարբերվի նաև նրանց կառավարումը: Գործնականում մինչև այսօր հնչողը սոսկ քննադատություն է ՀՀԿ-ի հասցեին ու հավաստիացում, որ այսպես չի կարելի շարունակել, բայց ինչպե՞ս պիտի շարունակվի: Ինչո՞ւ պիտի շարքային ընտրողը հավատա, որ իշխանության մեջ անձերի փոփոխությունը իր կյանքում փոփոխություն կբերի: Ազնիվ խոսքի՞ն: Բարի կամքի՞ն: Մտադրությա՞նը: Ինչի՞ն հավատա:


Վարդան Օսկանյանը համարում է, որ ԱԳ նախարարի իր գործունեությունը «դասագրքային դրսևորում է ժողովրդավարության և պետականաշինության առումով» և իր անցած ճանապարհը դասական գործընթաց է՝ տասը տարի աշխատել է Քոչարյանի հետ, ձեռքբերումներ ունի, ավարտվել է իր փուլը, նախագահ է փոխվել, ինքն է առաջարկել, որ նոր նախագահը նոր ԱԳ նախարար ունենա: Հակառակ իրեն արված առաջարկությունների, նա համարել է` իշխանափոխություն է եղել և իրեն համարել է ոչ իշխանական գործիչ։ Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյան անցումը ինչո՞վ էր այնպիսի իշխանափոխություն, որ իշխանական գործչին դարձրել է ոչիշխանական, իսկ հիմա՝ ընդդիմադիր: Համակա՞րգ էր փոխվել, կառավարման ձև, արտաքին քաղաքականությո՞ւն: Վարդան Օսկանյանը չի մանրամասնում, պարզապես համարում է, որ հիմա իշխանության գալու հայտը իր ուժեղ կողմն է։ Ինչո՞վ: Եվ այն փաստարկները, որ նա բերում է ի պաշտպանություն Սեյրան Օհանյանի, համոզում են հակառակում: Վարդան Օսկանյանը համարում է, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար է եղել, որը քաղաքական նշանակում է և ինչ որ պահի ինքն իրեն ազատել է այդ կախվածությունից: Նա «պրիմիտիվ մեկնաբանություն» է համարում պաշտոնանկությունից հետո նրա ընդդիմադիր դառնալը: Պարզվում է՝ Սեյրան Օհանյանը՝ մտահոգված լինելով երկրի ապագայով, տեսնելով, որ իշխանության հետ որևէ հեռանկար չկա երկրում ինչ-որ բան փոխելու, հարմար պահը օգտագործելով ընտրությունների նախաշեմին որոշել է մտնել քաղաքական դաշտ և մասնակցել ընտրություններին` փորձելով իր պատկերացումները իրականացնել։ Բայց ինչո՞ւ Սեյրան Օհանյանը երկրի այս վիճակը չէր տեսնում նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ 2012-ին, 2013-ին ամեն ինչ լա՞վ էր: 2008-ին ինչո՞ւ համաձայնեց պաշտպանության նախարար լինել՝ մարտի 1-ից հետո, ամեն ինչի հետ այն ժամանակ համաձա՞յն էր, հիմա ո՞չ: Ինչո՞ւ նրա պատկերացումները փոխվեցին հենց անցյալ տարվա աշնանը, երբ պաշտպանության նախարար նշանակվեց Վիգեն Սարգսյանը: Այդքան երկար ինչո՞ւ էր դիմանում, եթե իշխանությունը հեռանկար չուներ: Վարդան Օսկանյանը փայլուն ձևակերպում է տալիս՝ «Այն մարդիկ, ովքեր պրոբլեմների ստեղծման պատճառներն են, չեն կարող լուծումներ առաջարկել», բայց ոչ իրեն, ոչ Սեյրան Օհանյանին չի ուզում համարել պրոբլեմների ստեղծման պատճառ: Մինչդեռ փաստը, որ լինելով նախարար՝ իրենք չեն լուծել իրենց ոլորտի խնդիրները, արդեն պրոբլեմ է: Եվ հավաստիացումը, որ արմատական փոփոխություն չեղավ, նոր մարդիկ չեկան, փոփոխություն չի լինի, նույնպես ճիշտ է, բայց որտե՞ղ է Վարդան Օսկանյանը տեսնում նոր մարդկանց: Վիկտոր Դալլաքյա՞նն է նորը: ՀԴԿ-ի Արամ Սարգսյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը, որի հետ համաձայն են կառավարություն կազմել և ով բնավ «կախվածություն չունի բիզնեսների հետ», որ «անձնական շահեր չեն դրսևորում համակարգի շրջանակում»՝ ինչպես Սեյրան Օհանյանը: Ի՞նչ այլընտրանք են նրանք առաջարկում։ Գործնականում ոչ մի, բայց ուզում են համոզել, որ իրենց դաշինքում կան «մարդիկ, որոնք փորձ ունեն իշխանության՝ մեկը անվտանգության ոլորտում, մյուսը՝ արտաքին քաղաքականության»։

Իսկ եթե այդ «իշխանության փորձը» վատն է՝ թե անվտանգության ոլորտում, թե արտաքին քաղաքականությա՞ն ու մասն է ՀՀԿ-ի իշխանավարման պատմության: Իրականում ի՞նչ է ասում Վարդան Օսկանյանը: Մենք լավն ենք, իշխանությունը վատն է: Դուք կընտրեք մեզ, որովհետև դուք էլ եք լավը, իսկ եթե չեք ընտրի մեզ, դուք վատն եք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վարդան Օսկանյանը անիմաստ է համարել պատասխանել հարցին՝ ինչ-որ պահից կտեսնե՞նք Քոչարյանին ձեզ հետ, քանի դեռ նա ոչինչ չի ասում իր քաղաքական ներգրավվածության մասին: Փաստորեն, «Համախմբման» նախագահը նույնիսկ չի ասում՝ ուզո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, թե՞ չի ուզում, ու դա նշանակում է, որ նրա ուզել-չուզելը կարևոր չէ, իրենից կախված չէ կամ էլ` չի ուզում, բայց չի կարող ասել: Ինչպես շրջանառվող հարցերին նրա չտված պատասխանները: Վարդան Օսկանյանը չափազանց խելամիտ է, որ խոստովանի՝ արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի լինելու, ուստի ոչ մի փոփոխություն չի լինելու ոչ ազգային անվտանգության, ոչ տնտեսության, ոչ մյուս հարցերում: Բայց և չափազանց ազնիվ է, որ այդ ամենը չհասկանա, ու նրան մնում են բառախաղերը՝ ես հավատացել եմ, ինձ բավարարել է, ես պատրաստ եմ և այլն, և այդպես: Ափսոս:

Դիտվել է՝ 2168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ